12 սեպտեմբերի 2018 - 15:33 AMT
ԳՇ պետը հակադարձում է ՀՔԾ-ին ու վարչապետին՝ Մարտի 1-ին առաջնագիծը նոսրացված չի եղել

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս 2008 թվականին առաջնագծում տեղի ուենցած դիվերսիոն փորձերը չկապել Մարտի 1-ի դեպքերի հետ։

«Առաջնագիծը նոսրացված չի եղել, ես, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ պետք չէ կապել», - ասել է Դավթյանն՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որն ասել, էր, թե բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է Մարտի 1-ին, հայտնում է Aysor.am-ը:

2007-2009 թթ.-ին Արտակ Դավթյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասել է նաև, որ Մարտի 1-ին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ և, որ կրակելու հրաման չի եղել։

Արտակ Դավթյանն ասել է, որ մարտի 5-ին Արցախի հատվածում ուենեցել են դիվերսիայի փորձ, որը կանխվել է։ «Հակառակորդը այն ժամանակ տվել է 10 կամ 12 զոհ, մենք ունցեել ենք 2 վիրավոր, դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015 թվականներին ունեցել ենք 80-ից ավելի գործողություններ սահմանին»,-ասել է նա։

Արտակ Դավթյանն ասել է, թե այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝ մի քիչ վիճելի հարց է։«Սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»,-ընդգծել է նա։

Սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան:«Զինվորիների մի մասին Երևան էի բերել սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել անվտանգության համար, անգամ դիվերսիա էր եղել»,- ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանը հայտարարել է նաև, որ կան կոնկրետ ապացույցներ, որ մարտի 1-ին ՀՀ ԶՈւ ծառայակիցները կրակել են Լեոյի փողոցի բնակարանների պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այնտեղից վառվող շիշ է շպրտվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ընթացքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը տեղափոխել է Երևան «սեփական ժողովրդին օկուպացնելու»:«Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է՝ սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- ասել է Փաշինյանը: