12 սեպտեմբերի 2018 - 18:43 AMT
Վարչապետ. ԼՂ բանակցությունների մի տարբերակ եմ ժառանգել, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչինչ չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը:

«ԼՂ կարգավիճակի հարցը գնալով մի կողմ էր մղվել։ Այն պահին, երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի ի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեն բոլորին հայտնի տարածքները», - նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ խոսքը նրա մասին չէ, որ նախորդ իշխանություններն ընդունել կամ ստորագրել են այդ տարբերակը։

«Ես ասում եմ, որ վերջին թուղթը, որը դրվել է սեղանին, հենց այսպիսին է։ Եվ ես որպես վարչապետ առաջին շփումներում ասել եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ», - ասել է վարչապետը:

Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին:

Փաշինյանը պատասխանել է, որ «այդքան դաժան չէ», որ պատմի միանգամից ամբողջ ճշմարտությունը, քանի որ «Աշոտյանն այդ բանից հետո, հնարավոր է, հոգեբանի կարիք ունենա»։