13 սեպտեմբերի 2018 - 11:37 AMT
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստը կքննարկի ԱԺ-ն արտահերթ նիստում

Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստը գումարվում է ԱԺ պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ

Քննիչ հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերը:

Ժամը 12:00-ին հրապարկվելու են քվեարկության արդյունքները, որից անմիջապես հետո կգումարվի արտահերթ նիստը:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: