13 սեպտեմբերի 2018 - 13:00 AMT
ՀՀ և Շվեյցարիայի գլխավոր դատախազները կգործակցեն՝ վերադարձնելու ապօրինի ակտիվները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ գործակցությունը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

Ընդգծելով Հայաստանի հետ գործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին:

Հանդիպման արդյունքում երկու երկրի գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում գործակցության շուրջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ժողովրդից թալանված յուրաքանչյուր լումա վերադարձվելու է ժողովրդին: