13 սեպտեմբերի 2018 - 16:53 AMT
Վարչապետ. Ֆրանսիա այցս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ միջպետական համագործակցության մակարդակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին և վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից և կարևորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը և այլ թեմաների:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Փաշինյանը հանդիպում կունենա Մակրոնի, Ֆրանսիայի գործարար համայնքի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: