14 սեպտեմբերի 2018 - 11:07 AMT
Զախարովա. ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կրկին բավականին սուր հնչեղություն է ստացել: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն այցելել է Ադրբեջան և Հայաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ այնուհետև նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը վերլուծում է այն ամենն, ինչ ասվում է ղարաբաղյան հակամարտության մասին և հետևում է բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են այդ թեմայով համապատասխան երկրներում: Նա հիշեցրել է, որ ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ:

«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի աջակցել միջնորդական գործողություններին, որոնք անհրաժեշտ են փոխզիջման հասնելու համար: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ մթնոլորտն, անկասկած, պետք է ձևավորեն համապատասխան կողմերը»,-ասել է Զախարովան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը:

Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին: