14 սեպտեմբերի 2018 - 12:47 AMT
Բնակարաններ երիտասարդներին. Մարզերում՝ 5,5%-ով, Երևանում՝ 7,5%-ով

Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառուների համար երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ տրամադրել առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9,5%-ով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5%:

Հայաստանի մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4%-ը` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5,5%։

Իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7,5%-ով, որը չի սուբսիդավորվում:

Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի գինը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը։

Ինչպես Երևանի, այնպես մարզերի համար կանխավճարը կազմելու է բնակարանի արժեքի առնվազն 30%-ը՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերվող բնակարանի դեպքում, իսկ առաջնային շուկայից (ամիջապես կառուցապատողից) ձեռբրվող բնակարանի դեպքում՝ բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը։