14 սեպտեմբերի 2018 - 15:01 AMT
ԿԲ. $30 մլն-ի միանգամից փոխանցումը որևէ բանկի համար խնդիր չի ստեղծի

ՀՀ Կենտրոնական բանկը չի մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի միայն մեկ բանկում $30 մլն ունենալու մասին հայտարարությունը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:

Նա նշեց՝ իրավասություն չունեն տեղեկություններ տրամադրելու այն մասին, թե որ բանկում և որքան գումար ունի Սարգսյանը, և արդյոք նա այդ գումարը փոխանցել է պետությանը, թե՝ ոչ:

Հարցին, թե առհասարակ կարող է որևէ բանկի համար խնդիրներ առաջացնել միանգամից այդ չափի գումարի փոխանցումը, Բերբերյանը պատասխանեց, որ այդ գործընթացը որևէ խնդիր չի առաջացնի որևէ բանկի համար:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա նաև Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել այդ գումարը պետությանը վերդարձնելու համար: