14 սեպտեմբերի 2018 - 15:16 AMT
Երևանը` մոսկվացիների համար 2018-ի ամռան ամենապահանջված ուղղություն

Ավիատոմսերի առցանց ամրագրման «Կուպիբիլետ» ընկերության մասնագետները կազմել են մոսկվացիների 2018- ամռանը նախընտրած ուղղությունների վարկանիշը: Ըստ վարկանիշի, Երևանը արտասահմանյան ամենապահանջված երկու ուղղություններից մեկն է:

«Ամենապահանջված արտասահմանյան ուղղոթյունները 2018-ի ամռանը Մոսկվայի բնակիչների համար եղել են Երևանն ու Քիշնևը, թեև Երևան այցելուների քանակը 2017-ի համեմատ կրճատվել է 2 տոկոսով», հայտնում է Rusarminfo-ն:

Երևանին և Քիշնևին հաջորդում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Իսկ ամենանախընտրելի ներքին ուղղությունները մոսկվացիների համար եղել են Սոչին, Միներալնիե Վոդին, Սիմֆերոպոլն ու Կրասնոդարը:

Ըստ վարկանիշի, Մոսկվայից ժամանող զբոսաշրջիկների աճի ցուցանիշներով ռեկորդակիր է բուլղարական Բուրգասը: Ընդ որում, Բուրգասի տեսարժան վայրերի թվում նշվում է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: