14 սեպտեմբերի 2018 - 17:52 AMT
Հայկ Մարության. Չեմ կարծում, որ ժամանակ կունենամ զբաղվելու դերասանական կարիերայով

«Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածուՀայկ Մարությանը դրական է գնահատում քարոզարշավի օրերը:

«Մեր մասով կարող եմ ասել, որ շատ գոհ ենք, շատ դրական է, մարդկանց արձագանքը շատ լավն է, մարդիկ հույսով են լցված»,-ասել է նա Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում կզբաղվի դերասանական կարիերայով՝ Մարությանը պատասխանել է, որ քաղաքապետի պաշտոնը 5 տարով է, իսկ իր կյանքը 5 տարով չի ավարտվում։ «Օրենքն ինձ թույլ է տալիս զբաղվեմ, բայց չեմ կարծում, որ ժամանակ ունենամ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Որպես մայրաքաղաքի գլխավոր խնդիրներից մեկը՝ նա առանձնացրել է աղբահանության վիճակը, որը, Մարությանի խոսքով, Երևանի բոլոր վարչական շրջաններում նույնն է։«Լուծումները լինելու են համակարգային, չեն լինելու տեղային։ Մոտեցումը համակարգային պետք է լինի, միայն այդ դեպքում ամբողջ քաղաքը կսկսի համաչափ զարգանալ»,- ասել է քաղաքապետի թեկնածուն։

Անդրադառնալով այն հարցին, թե քարոզարշավի մի քանի օրերի ընթացքում իր համար բացահայտե՞լ է խնդիրներ, որոնց մասին մինչ այժմ չգիտեր՝ քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենց ծրագիրը թիրախային է, այն ինչ կատարվում է երևանյան մի բակում, կատարվում է նաև երևանյան մյուս բակերում։

«Մենք ունենք քաղաքական կամք, մյուսները վստահաբար չունեին, որովհետև այնպիսի խնդիրներ են օդում մնացել, որոնք 100 տոկոսով հնարավոր էր լուծել, միշտ շահերի բախում է եղել։ Մենք մեզ կապող, բռնող հանգամանք չունենք, մեր ձեռքերն ազատ են, մենք ոչ մեկից կախում չունենք, որ Երևանի խնդիրները քայլ առ քայլ սկսենք շտկել»,- ամփոփել է Հայկ Մարությանը։

Ավլելի վաղ քննադատության էին արժանացել Հայկ Մարությանի խոսքերը «սևերի ու սպիտակների» մասին: Ելույթի ժամանակ, նա, մասնավորապես, ասել էր, որ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»։

Մարությանն ավելի ուշ արձագանքել է քննադարությանը, նշելով, որ կարծում է, որ կարող էր ավելի հստակ ձևակերպել խոսքը։