14 սեպտեմբերի 2018 - 18:30 AMT
Կճոյանի օրհնությամբ տաքսիստներին խաչեր կբաժանեն՝ աչքուլունքները հավաքելով

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը: Այս մասին հայտնել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Երիտասարդները նախ կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում (Րաֆֆու փողոց), երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

«Խաչի քարոզը» իրականացվում է Հայ Եկեղեցու՝ Խաչին նվիրված տոների ժամանակ: