15 սեպտեմբերի 2018 - 11:07 AMT
Վարչապետը՝ «Լիդիան Ինթերնեյշնլին». Սևանի և Ամուլսարի ջրերի անվտանգությունն առաջնահերթ է

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաշինյանն ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:

Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի շահագործման վնասների վերաբերյալ այս պահինանառարկելի փաստեր չկան՝ կան խախտումներ, մտահոգություններ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով քրգործ է հարուցվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Մինչ այդ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկվել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: