15 սեպտեմբերի 2018 - 14:39 AMT
Փաշինյան. Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ի դեմս իրեն Փաշինյանը վտանգ է տեսնում, ասել է, թե Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի։

Անդրադառնալով Քոչարյանի մեկ այլ հայտարարության, թե Փաշինյանը «կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել», վարչապետն արձագանքնել է, որ այդ խոսքերը ցույց են տալիս Քոչարյանի քաղաքական ընկալումների ու ըմբռնումների մակարդակը։

«Սա իրենց թաղի կռիվը չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես դեռ, կտեսնես՝ ինչ կլինի։ Ինձ «Կոմերսանտ» թերթից հարց էին տվել ու ասում էին՝ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, ես այն ժամանակ էլ ասացի ու հիմա էլ ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու նրանց շրջապատը՝ քաղաքական դիակներ են, սակայն քաղաքական դիակ լինելը ոչ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։