15 սեպտեմբերի 2018 - 16:12 AMT
Փաշինյանի հարցազրույցը՝ Le Monde-ին. Հայ ժողովուրդը չի վստահում այս խորհրդարանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեղինակավոր Le Monde-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ ժողովուրդը չի վստահում Հայաստանի գործող խորհրդարանին։

Հարցին, թե ինչ է հասցրել փոխել Փաշինյանը իր վարչապետության առաջին ամիսներին, նա պատասխանել է, որ մամուլն ավելի ազատ է, քան երբևէ, աննախադեպ պայքար է մղվում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ:

«Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնյալներ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ, որոնք լինելու են մեր պատմության մեջ ամենաազատը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն այլ հեղափոխությունների, Թավշյա հեղափոխությանը չի հաջորդել տնտեսական անկում:

Դիտարկմանը, որ խորհրդարանում շարունակում է մեծամասնություն մնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը, Փաշինյանն ասել է, որ նախկին վարչակարգը ստիպված է զիջել։

«Հայ ժողովուրդը չի վստահում այս Ազգային ժողովին, և այն իսկապես մեր քաղաքական իրականության մռայլ կողմն է», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։