15 սեպտեմբերի 2018 - 17:00 AMT
Փաշինյանն Ալիևին. ԵԱՀԿ ՄԽ-ն պիտի կարգի հրավիրի Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը։ Նա Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե ԵԱՀԿ ՄԽ-ն իսկապես ուզում է, որ կողմերը զբաղվեն կարգավորմամբ, ապա առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր կարգավորման մեր պատկերացումներով և նրանով, թե արդյո՞ք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Ես ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին այնքան էլ իրատեսական չէ: Եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չկա: