17 սեպտեմբերի 2018 - 17:18 AMT
ԱԳՆ. ՀՀ-ն Ադրբեջանի կողմից գնդակոծության հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծմանհարցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Սեպտեմբերի 17-ին որոշ հայկական ԶԼՄ-ներում Բալայանի վրա հղումով լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանամերձ շրջանների գնդակոծությունների կապակցությամբ ՀՀ-ն դիմել է տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՀԱՊԿ-ին:

«Վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակի մասին մենք տեղեկացրել ենք ԵԱՀԿ ՄԽ աշխատակիցներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կապրշիկին, ինչպես նաև այլ կառույցների: ՀԱՊԿ-ին մենք չենք դիմել», -ասել է Բալայանը:

Նա նշել է, որ եթե լինի այդ կառույցների պաշտոնական արձագանքը, այն կհրապարակվի: Բալայանը հայտնել է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար իրազեկում է այդ կառույցներին՝ ՀՀ տարածքի գնդակոծման դեպքում:

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե, մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 00:30: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակել է Տավուշում պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ Չինարի գյուղի վրա։ Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի տարան և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: