18 սեպտեմբերի 2018 - 12:33 AMT
«Գահերի խաղը» սերիալը «Էմմի» է ստացել գլխավոր անվանակարգում

Ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի դափնեկիր է դարձել «Գահերի խաղը» սերիալը, որը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: Սերիալի հաղթանակի մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան՝ 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանին հաջողվել է առաջ անցնել գլխավոր մրցակցից՝ նախորդ տարվա դափնեկիր «Սպասուհու պատմությունը» սերիալից, որը ցուցադրվում է Hulu ալիքով, գրում է Deutsche Welle-ն:

Լավագույն կատակերգական սերիալ է համարվել «Զարմանալի միսսիս Մեյզելը» 1950-ականների վերջում ԱՄՆ-ում ապրող տնային տնտեսուհիների մասին: Այդ սերիալը միանգամից 5 մրցանակ է ստացել: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Բրոսնահենը, որը գլխավոր դերն է կատարել:

Լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Ռիզը, որը խորհրդային լրտեսի է դեր է կատարել «Ամերիկացիները» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում, որը ցուցադրվում է FX ալիքով:

Saturday Night Live-ը «Էմմի» մրցանակին է արժանացել արդեն 72-րդ անգամ, ինչը ռեկորդ է մրցանակի համար:

Կարճ սերիալի համար մրցանակին է արժանացել «Ջանի Վերսաչեի սպանությունը»: Պարգևատրվել է նաև իտալացի դիզայների մարդասպանի դերը կատարած Դերեն Քրիսը:

Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան «Էմմի» մրցանակը հանձնում է 1949-ից: