Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է իր երկրի սնանկության մասին:
«Հնարավոր է, սնանկացման իրավիճակի պատճառով, որն առկա է երկրում, մենք չկարողանանք կատարել այն ամենը, ինչի մասին խնդրում է երկիրը, բայց պարզ է, որ, այո, մենք կարող ենք կատարել այն ամենն, ինչ խոստացել ենք ընտրարշավի ժամանակ»,-ասել է Օբրադորը կողմնակիցների հետ հանդիպմանը Նայարիտ նահանգում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Օբրադորն այլ կերպ էր արտահայտվում՝ նա խոստովանում էր խնդիրները, որ կան տնտեսության ոլորտում, սակայն նշում էր մակրոտնտեսական կայունությունն ու քաղաքական ճգնաժամի բացակայությունը:
Իր ընտրարշավի ժամանակ ապագա նախագահը, որը ստանձնելու է պաշտոնը դեկտեմբերի 1-ին, խոստացել է կտրուկ ավելացնել թոշակների և երիտասարդների համար նախատեսված սոցիալական ծախսերը, կրճատել պաշտոնյաների վրա ծախսվող գումարները, վերլուծել էներգետիկ բարեփոխումների ընթացքն ու կնքված պայմանագրերը, ինչպես նաև երաշխավորել է, որ բենզինի և էլեկտրականության գները չեն բարձրանա: