Իսրայելի դեսպան Հարրի Քորենին ՌԴ արտաքին գործերի նախարարություն են կանչել՝ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցման պատճառով: Ինքնաթիռը խոցվել է Միջերկրական ծովի վրա սիրիական ՀՕՊ կողմից, սակայն Մոսկվան Իսրայելին է պատասխանատու համարում միջադեպի համար:
Ինքնաթիռում 15 մարդ է եղել, բոլորը զոհվել են, գրում է «Կոմերսանտը»:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ Ս-200-ից, սակայն ինքնաիթռը հարվածի տակ է հայտնվել Իսրայելի օդուժի գործողությունների պատճառով:
Սեպտեմբերի 17-ին Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը: Ըստ ՌԴ ՊՆ-ի, սեպտեմբերի 17-ին 22:00-ին Իսրայելի օդուժի 4 F-16-ները կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են սիրիական օբյեկտներին Լաթաքիա քաղաքի շրջանում:«Իսրայելյան ինքնաթիռները միտումնավոր վտանգավոր իրավիճակ են ստեղծել նավերի և ինքնաթիռների համար: Ռմբակոծությունն իրականացվել է ֆրանսիական «Օվերն» նավից ոչ հեռու՝ ՌԴ Իլ-20 վայրէջքի գնացող ինքնաթիռի անմիջական հարևանությամբ»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Մինչդեռ ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը: CNN-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտոնյաների թվից, իր աղբյուրների վրա հղումով, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են սիրկական ՀՕՊ ուժերը : Ըստ նրա, սիրիացիները փորձել են կասեցնել Իսրայելի օդուժի գրոհը Լաթաքիայի ուղղությամբ և պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը:
Իսրայելը չի մեկնաբանում պատահարը: