18 սեպտեմբերի 2018 - 15:57 AMT
Խմբագիր. Yerevan Today-ը Քոչարյանի հետ կապ չունի, սա մեզ լռեցնելու փորձ է

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, լրագրողներին ներկայացնելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ քրգործի շրջանակում սեպտեմբերի 17-ին խմբագրությունում կատարված խուզարկության մանրամասները, ասել է, որ «դա փորձ էր լռեցնելու լրատվամիջոցին, որը քննադատում է երկրում առկա մերժելի երևույթները»:

Նա հաստատել է, որ քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկության հիմք է դարձել այն տեղեկությունը, որի համաձայն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցի ձայնագրությունը դրա տարածումից երկու օր առաջ հրապարակվել է կայքում:

Ըստ նրա, Google որոնողական համակարգը այդ օրերին ժամային տեղեկատվությունը սխալ է ցույց տվել, ինչը փաստել են նաև տեղեկատվական անվտանգության փորձագետները։

«Այդ ամենի մասին եղել է հայտարարություն լրատվամիջոցի կողմից, բայց իրավապահ մարմինները ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին, նպատակը, երևի, այլ էր։ Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր հայտնաբերել նաև gաղտնալսող սարքեր և այլ նյութեր` այդ ձայնագրության հետ կապված», - ասել է Հակոբյանը:

Նա նաև հայտարարել է՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը « որևէ կապ չունի կայքի հետ»:

ՀՀ քննչական կոմիտեում Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում:

Այդ թվում՝ իրավապահները խուզարկել են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։