18 սեպտեմբերի 2018 - 16:49 AMT
Նազարյան. Ակնարկներ անողները հաշվի չեն առնում, որ նոր ընտրությունները ժողովրդի, ոչ թե Փաշինյանի պահանջն է

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:

«Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը», - գրել է նա:

Ավելի վաղ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը և ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարել էին, որ գործող կառավարության հետ «նման հարաբերությունների պայմաններում դեռ հարց է՝ կպաշտպանե՞ն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»: