ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից: Փաշինյանն ասել է, որ այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը:
«Տաքսու անհատ վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում»,- նշել է Փաշինյանը` հավելելով, որ դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:
Ըստ վարչապետի, հատկապես երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառները բազմամարդ են, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան ուղևորներին տեղափոխել մատչելի գներով:
Փաշինյանը նաև կարևորել է ուղևորների և երթևեկության անվտանգությունը, որը գործադիրը կփորձի լուծել տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով:
«Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ֆիկտիվ բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք»,- ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ, կառավարությունը վարորդներին ներել էր չվճարված տույժ-տուգանքները: