19 սեպտեմբերի 2018 - 12:03 AMT
Ալիև. ՀՀ նոր իշխանությունը «չի գիտակցում պատասխանատվությունը՝ հիմար հայտարարություններ անելով»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թե Հայաստանում իշխանության եկած նոր անձինք «չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով, որոնք նպաստում են լարվածության աճին շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին»: Այդ մասին նա հայտարարել է Բիլյասուվարի շրջանի հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է Ազերթաջը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այցով եղել է Արցախում: «ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Մենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ԼՂ խնդրի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք պատրաստ ենք խաղաղության, բանակցությունների, սակայն պատրաստ ենք նաև պատերազմի», - ասել է վաչապետը: Փաշինյանն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե հայկական կողմը պատերազմ է ցանկանում:

Նա հայտարարել է նաև, թե հայկական բանակը չի կարող մրցել Ադրբեջանի ԶՈւ հետ, իսկ Հայաստանը «ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել»: Նա նշել է թե «ադրբեջանական բանակն արժանի հակահարված է տալու, ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին»: «Մի քանի օր առաջ հայերի զինված սադրանքի հետևանքով բախում եղավ հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինվորները նրանց դաս տվեցին, մոտ ժամանակներս նրանք հազիվ թե ուշքի գան»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ բանակի համար խոշոր գումարներ են հատկացվելու, ինչն էլ ավելի կհզորացնի նրա մարտունակությունը: «Բանակաշինություն, տնտեսական ներուժի ամրապնդում, միջազգային դիրքերի ամրապնդում՝ բոլոր այդ ուղղություններով Ադրբեջանը հաջող քաղաքականություն է վարում»,-ասել է Ալիևը:

Արցախում հայկական երկու հանրապետության ղեկավարին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին: