20 սեպտեմբերի 2018 - 13:43 AMT
Շվեյցարիայի նախագահը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտնել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հասցեագրված շնորհավորական ուղերձում:

Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաև Ձեզ ցանկալ առողջություն և հաջողություն:

Ուզում եմ վերահաստատել այն կարևորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության և բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել»:

Ուղերձում նշվում է, որ Շվեյցարիան մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները և մշակութային ու լեզվական բազմազանությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»,-ասվում է ուղերձում:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: