20 սեպտեմբերի 2018 - 13:57 AMT
ԱԳ նախարար. ՀԱՊԿ-ում Խաչատուրովին այլ թեկնածուով փոխարինելու հարցը քննարկվում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին մեկ այլ թեկնածուով փոխարինելու հարցը քննարկման փուլում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

«Կոնսուլտացիաները շարունակվում են, այս պահին միայն այդ կարող եմ ասել», - ասել է արտաքին գործերի նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: