20 սեպտեմբերի 2018 - 15:29 AMT
ՀՀ-ն բիզնես-օմբուդսմեն կունենա

Հայաստանում կներդրվի գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված՝ Ձեռնակատիրական հաշտարարի (բիզնես-օմբուդսմեն) ինստիտուտը: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկությունների, ներդրողների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնման արտադատարանական անկախ ինստիտուտի ներդման անհրաժեշտությամբ:

Նախագծով նախատեսվում է, որ Հաշտարարն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից: