ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ գազալցակայաննում գործող վիճակախաղի սարքերը պետք է հանվեն:
«Եկեք նայենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, դրանց մեջ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը, սա աբսուրդ է ընդհանրապես, մեր քաղաքականությունը պետք է լինի տրամաբանությունը փոխելը։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք արտահայտությանս համար, «ղումարբազությունն» է խրախուսվում։ Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ՝ մյուսը։ Սա շատ լուրջ պրոբլեմ է»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում այս խնդիրը բարձրացվել է։
«Մենք պայմանավորվել ենք, որ տնտեսության այն կառուցվածքը, որ մենք ունենք, պետք է փոխենք։ Այսօր մեր տնտեսությունը ագրարային, ընդ որում ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, երկրորդը՝ մոլախաղերը և երրորդը ընդերքի արտահանումը։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որ փոխենք այս համակարգը»,- ասել է Փաշինյանը։
2017-ին զվարճություններ և հանգստի ոլորտը կազմել է ՀՆԱ ավելի քան 5%-ը,2018-ի առաջին եռամսյակում՝ ՀՆԱ 5,7%-ը։