20 սեպտեմբերի 2018 - 17:27 AMT
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահին են շնորհավորել Ղազախստանի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրնևրի միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում ևս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ էլ ավելի առաջընթաց ու բարգավաճում»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ սիրով հղում եմ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ առավել առաջընթաց ու բարգավաճում»:

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինից, Չինաստանի նախագահ Սի Ծինփինից, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենից: