21 սեպտեմբերի 2018 - 12:07 AMT
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին. Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց ՀՀ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը», - ասել է Թրամփն ուղերձում:

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել տարբեր հարթակներում ՀՀ հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար:

«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: