21 սեպտեմբերի 2018 - 12:24 AMT
Պուտինը, Չինաստանի վարչապետն ու Անգլիայի թագուհին շնորհավորել են Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», - ասել է Պուտինն ուղերձում:

Փաշինյանին շնորհավորել է նաև Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»,- մասնավորապես ասված է ուղերձում:

Փաշինյանին ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը.

«Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով», - նշվում է ուղերձում:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: