21 սեպտեմբերի 2018 - 12:31 AMT
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այդ մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: