21 սեպտեմբերի 2018 - 12:53 AMT
Արամ Ա. ՀՀ-ն տագնապներով լի խաչմերուկում է, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական է

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի առիթով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը պատգամ է ուղղել հայ ժողովուրդին՝ նշելով, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողութիւններ, սակայն ան շարունակել է հայրենաշինութեան աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդի գործուն մասնակցության։

Արամ Առաջինն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի առաջ, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։ Նա կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող արտահայտություններից թե՛ Հայաստանի և թե Սփյուռքի մեջ։ Նա նշել է, որ պետք է համախմբվել Հայրենիքի շուրջ, քանի որ միակամությունն է նրա հզորության աղբյուրը և հաջողության երաշխիքը:

Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ Արամ Առաջինը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ Հայաստանի ներսում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերութիւնների առավել ծավալումը։

«Մեր նոր օրերի թշնամիների դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նորօրյա հերոսները։ Մենք հայոց բանակին հետ ենք բառին ամբողջական իմաստով»,-ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ուղերձում։

«Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ, մեր միակամությունը աղբյուր է հզորության ու երաշխիք՝ մեր հայրենիքի ու ժողովուրդին հաջողության», ասել է կաթողիկոսը։

«Հայրենիքը հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ՝ առաքելություն է: Ներկայիս Հայաստանը դեմ հանդիման է կանգնած նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը»,-ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: