21 սեպտեմբերի 2018 - 13:29 AMT
Արցախի ՊՆ ղեկավար. Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2016-ի ապրիլին վառելիքի չարաշահումներ չեն եղել

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն, անդրադառնալով բանակում կատարվող չարաշահումներին, հայտարարել է, որ 2016-ի ապրիլին վառելիքի հետ կապված չարաշահումներ բանակում չեն եղել:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին կատարված վառելիքի չարաշահումների մասին հայտարարություններին՝ Մնացականյանը նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Aysor.am-ը:

«Նման բան չի եղել, բոլոր վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ կաշկանդվեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հարցնել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել», - ասել է նա:

Խոսելով ընդհանուր առմամբ բանակում ի հայտ եկած չարաշահումների մասին՝ նա ասել է. «Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, ամեն տեղ էլ լինում են»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չարաշահումների բացահայտումները շատացել են նոր իշխանությունների օրոք՝ Մնացականյանն ասել է.«Միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, միշտ էլ բացահայտումներ լինում են»:

2017-ին ՀՀ քննչական կոմիտեն այն հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված պաշտոնատար անձանց գործերի շրջանակում կան վառելիքի հետ կապված խախտումներ, չի պատասխանել:Պաշտպանության բանակում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով ՀՀ քննաչական կոմիտեում գործ չի քննվել:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: