21 սեպտեմբերի 2018 - 14:43 AMT
ԲՀԿ-ն քարոզարշավի համար ռեկորդային՝ 743 րոպե եթերաժամանակ է գնել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի սեպտեմբերի 10-17-ի մշտադիտարկման արդյունքներով հեռուստատեսության և ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 743 րոպե:

2-3 տեղը կիսում են «Ժառանգությունը» ու «Իմ քայլը» դաշինքը՝ 150-ական րոպե, 4-րդը «Օրինաց երկիրն» է՝ 98 րոպե, 5-ը ՀՅԴ-ն՝ 76 րոպե:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սա ռեկորդային ցուցանիշ է:

«Ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական, թե ավագանու ընտրություններ) մեկ շաբաթվա ընթացքում այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել», -գրել է Հակոբյանը:

Սեպտեմբերի 10-ից պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: