23 մայիսի 2008 - 18:59 AMT
ANCA. Հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը երբեք չի մոռացվի
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի արեւելյան շրջանի բաժնի (ANCA ER) գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը Նյու-Յորքում մասնակցել է արարողության` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության 89-րդ տարելիցին, հաղորդում է ANCA-ն: «Հայերի, ասորիների եւ հույների ողբերգությունը երբեք չի մոռացվի: Թուրքիայի կառավարությունը փորձում է ստիպել մեզ լռել, սակայն մենք չենք լռի եւ միասին վերջ կտանք «բերանը փակելու» թուրքական քաղաքականությանը եւ կհասնենք այդ ահավոր հանցագործության ճանաչմանը: Իննսուն տարի առաջ նրանք յաթաղանի միջոցով փորձում էին ստիպել լռել դժբախտ զոհերին, սակայն մենք ողջ ենք եւ այստեղ ենք: Եւ իննսուն տարի անց էլ կլինենք այստեղ, քանի որ երբեք չենք մոռանա այդ իրադարձությունները եւ կձգտենք արդարության»,- հայտարարել է Կարինե Բիրազյանը արարողության ընթացքում:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել են Հունաստանը, Կիպրոսը եւ ԱՄՆ-ի մի շարք նահանգներ: