23 սեպտեմբերի 2018 - 10:37 AMT
ՀՀ նախագահը Ֆրանսիայում ընթացող Summit of Minds-ի գլխավոր բանախոսն է

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին՝ Summit of Minds։ Գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Հանրապետության նախագահն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։

Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև խոսել են այսօրվա և վաղվա աշխարհի արագությանը և անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, եւ այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը եւ ներդրումների ներգրավման հնարավորությունները։