23 սեպտեմբերի 2018 - 12:30 AMT
ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են Ռոուհանիին Իրանում ահաբեկչության արդյունքում զոհերի համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել են Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչության հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբԽ

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ անհայտ գրոհայինները մոտ 10 րոպե կրակել են հավաքված մարդկանց վրա, նրանք ռազմական համազգեստով են եղել:

Սեպտեմբերի 22-ին զորահանդեսներ են տեղի ունեցել Իրանի տարբեր քաղաքներում՝ նվիրված 1980-88թթ. իրանա-իրաքյան պատերազմի մեկնարկին:

Առնվազն 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի, հայտնում է IRNA գործակալությունը:

Ըստ գործակալության, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազի հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:

Ավելի ուշ կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Այդ մասին հայտնել է Reuters-ը Amaq գործակալության վրա հղումով: Իրանի իշխանությունները հերքում են ԻՊ մասնակցությունն ահաբեկչությանը: Թեհրանը մեղադրում է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին ու նրանց ամերիկացի հրահանգիչներին»: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է «Վեդոմոստին»:

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում: Խստորեն դատապարտելով կատարվածը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»:

ՀՀ նախագահի ուղերձում ասվում է. «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»: