23 սեպտեմբերի 2018 - 12:01 AMT
Քարոզչության փորձ ընտրատեղամասում՝ «Իմ քայլի» օգտին

«Անկախ դիտորդ» դաշինքը արձանագրել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր:

Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:

Բացի այդ, Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետև հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին և դրանով խոչընդոտում են ընտատեղամասի աշխատանքը, սակայն հանձնաժողովի անդամները չեն ստորագրել արձանագրությունը: Դիտորդներն իրենց հերթին արձանագրության վերաբերյալ գրել են իրենց դիրքորոշումը՝ հայտնելով, որ ինքը որևէ խախտում թույլ չի տվել:

Դաշինքի դիտորդները նաև արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված տղամարդիկ ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդին նկատողություն է արել՝ ասելով որ նա իրեն սխալ է պահում և թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ:

Ավելի վաղ, դիտորդներն ընտրողներին ուղղորդելու դեպքեր են գրանցել Շենգավիթում և Աջափնյակում:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: