24 մայիսի 2008 - 18:56 AMT
Միջնորդների ջանքերը պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը
«1994 թվականին միջնորդների ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերը խաղաղության համաձայնագիր են կնքել: Այժմ պետք չէ հեգնել «միայն թե պատերազմ չլինի» արտահայտության առումով: Եւ միջնորդների ջանքերը, առաջին հերթին, պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Ընդ որում, դա պետք է արվի համաձայնագիր կնքելով, որում կողմերը պաշտոնապես կհրաժարվեն հակամարտության ռազմական կարգավորումից: Եւ եթե նման համաձայնագիր կնքվի, ապա կարելի կլինի խոսել հակամարտության կարգավորման անցման մասին ռազմականից քաղաքական հարթություն»,- Ստեփանակերտում անցնող Ղարաբաղյան շարժման 20-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտարարել է Ղարաբաղի կարգավորման հարցով ՌԴ կողմից նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, կողմերի դիրքորոշումները անընդունելի են բացառապես ռազմական տեսանկյունից: Ադրբեջանն անընդհատ սպառնում է վերսկսել պատերազմը (ԱՀ նախագահ Ի. Ալիեւը բառացիորեն վերջերս հայտարարեց, որ ավարտվել է պատերազմի առաջին փուլը), իսկ հայկական կողմը արդարացնում է այդ սպառնալիքով ԼՂԻՄ շուրջ տարածքների վերահսկման շարունակումը: Հակամարտությունը կարգավորելու բոլոր փորձերը բախվում են այդ հակասությանը: Կազիմիրովը գտնում է, որ եթե պատերազմը վերսկսելու սպառնալիքներ չլինեն, կողմերի դիրքորոշումները այդքան անզիջում չեն լինի:

Կազիմիրովը մի շարք հայտարարություններ է արել: Առաջին հերթին, նա ակնարկել է, որ Ադրբեջանի համար պատերազմը չվերսկսելու «պայման» կարող է դառնալ այն, որ հայկական կողմը հրաժարվի նախկին ԼՂԻՄ շուրջ առկա տարածքից: Պատասխանելով Լատվիայի հայ համայնքի ղեկավար Վահան Արզումանյանի հարցին, թե արդյոք չի փոխվի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում տարածքների հանձնումից հետո` Վ. Կազիմիրովը պատասխանեց. «Ահա դուք կրկին դատում եք ռազմական հարթությունում: Պետք է հեռանալ դրանից եւ քաղաքականորեն մտածել»: Իսկ որպես Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման «երաշխիք» Վ. Կազիմիրովն ակնարկեց, որ դրանք կարող են լինել միջազգային ուժերը, ասենք, ռուս խաղաղապահները:

Վ. Կազիմիրովը գտնում է, որ, ամենայն հավանականությամբ, կողմերից մեկը չի կնքի համաձայնագիր: Առավել եւս, որ մարտի սկզբում շփման գծում եղած միջադեպից հետո Ստեփանակրտը բաց նախաձեռնությամբ հանդես եկավ` փաստաթղթով ամրագրել ռազմական գործողություններից հրաժարվելը, իսկ Ադբեջանն այդպես էլ դրան պատասխան չտվեց: Սակայն պետք է եւս մեկ անգամ նման նախաձեռնությամբ հանդես գալ, ընդ որում, դա պետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատի հիմնական կետերից մեկը հենց դա է: «Եթե նման բան ավելի վաղ արվեր, գուցե Ադրբեջանը չկարողանար ՄԱԿ-ում բանաձեւ անցկացնել»,- նշել է Վ. Կազիմիրովը:

Ռուս դիվանագետը նշեց, որ այսօր միջնորդները չգիտես ինչու ելնում են նրանից, որ ռազմական գործողությունները չեն կարող վերսկսվել, ըստ էության: Սակայն ակնհայտ է հակառակը. ռազմատենչ հայտարարություններ, ռազմական բյուջեի աճ Ադրբեջանում եւ միջադեպեր շփման գծում: «Այսօր բոլորը կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն բառերը բավարար չեն: Պետք են այլ երաշխիքներ»,- ասել է Կազիմիրովը, հաղորդում է KarabakOpen-ը: