ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն՝ քննարկելու Աժ արտահերթ ընտրությունների անցկացմանը ժամկետներն ու պայմանները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրություն կար, որ ընտրություններն անցկացվեն հունիսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, բայց ըստ էության, իրադարձությունները և այն սպասողական դրությունը, որն ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, և նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ: Եվ, ըստ էության, տնտեսական և ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգման գործընթացը», - ասել է վարչապետը:
Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում՝ ամենաուշը մինչև 2019 թվականի ամառ: