27 մայիսի 2008 - 19:15 AMT
Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասի անվտանգության ապահովումը
«Վերջին տարիների համար բնորոշ զարգացման բարձր դինամիկան Մոսկվայի եւ Երեւանի միջեւ բացատրվում է նրանով, որ կողմերը կանոնավոր, քաղաքականապես հագեցած երկխոսություն են վարում, այդ թվում նաեւ բարձր մակարդակով: Դա բարենպաստ մթնոլորտ է ստեղծում տարբեր ոլորտներում ռուս-հայկական համագործակցության ընդլայնման եւ բարելավման համար»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մայիսի 29---հունիսի 1-ի այցը կկայանա երկու երկրների համար կարեւոր մի շրջանում, երբ Ռուսաստանում եւ Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները հաստատեցին երկկողմ փոխհամագործակցության հետագա զարգացմանն ուղղված կուրսի շարունակականությունը:

«Համոզված ենք, որ առաջիկա այցը կընթանա երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն, նրանց գործնական ուղղվածության բարձրացմանն ուղղված Ռուսաստանի եւ Հայաստանի վարած քաղաքականության հունով, կծառայի համաշխարհային ասպարեզում հայ-ռուսական համագործակցության կատարելագործմանը»,-նշել է Ա.Նեստերենկոն:

Անդրադառնալով Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է. «Նախատեսվում է համեմատել Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումները սկզբունքային միջազգային հարցերի շուրջ: Այդ դիրքորոշումների մերձեցման կամ համընկման դեպքում նախատեսվում է համաձայնեցնել արտաքին քաղաքականության ոլորտում Մոսկվայի եւ Երեւանի գործողությունների համակարգման կատարելագործմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, մենք հուսով ենք, որ կշարունակենք սերտ համատեղ աշխատանքը ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, միջազգային կազմակերպությունների ձեւաչափում, այդ թվում ՄԱԿ-ում, ԵԽ-ում եւ ԵԱՀԿ-ում, բազմակողմ համաժողովներում:

Բանակցությունների օրակարգում կենտրոնական տեղերից մեկը զբաղեցնում է համագործակցությունը հանուն Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման: Մոսկվայում բազմակողմ շփումների զարգացումը հայ գործընկերների հետ համարում են տարածաշրջանում վիճակի առողջացման, այստեղ առկա հակամարտությունների կարգավորման կարեւոր գործոն: Կքննարկվի նաեւ ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակը»:

Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` Ա.Նեստերենկոն, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ԼՂՀ հարցում մնում է անփոփոխ: Մենք տրամադրված ենք հետագայում եւս աջակցել հակամարտության կողմերին ընդունելի որոշում գտնելու հարցում: Մենք ելնում ենք նրանից, որ վերջնական ընտրության հիմնական պատասխանատվությունը կրում են իրենք հայրեն ու ադրբեջանցիները: Ռուսաստանը պատրաստ է հավանություն տալ լուծման այս կամ այն տարբերակին, որին համաձայն կլինեն հակամարտության կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում, հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: