26 սեպտեմբերի 2018 - 09:43 AMT
Ռոուհանին՝ Փաշինյանին. ՀՀ-ի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակ կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ. քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները կարևորել են տնտեսական գործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոուհանին նշել է, որ երկու երկրի միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոուհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոուհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոուհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, հանդիպել տեղի հայ համայնքին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել գլխավոր անսամբլեայի 73-րդ նստաշրջանին, ելույթ ունեցել այստեղ: