26 սեպտեմբերի 2018 - 10:11 AMT
Վարչապետը՝ ՄԱԿ-ում. Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը հայերի նոր ցեղասպանություն չի ուզում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է, որ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում:

«Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», - ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար, և որ Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում. Պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների»:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, հանդիպել տեղի հայ համայնքին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել գլխավոր անսամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը, հանդիպել մի շարք գործընկեր երկների ղեկավաների հետ: