26 սեպտեմբերի 2018 - 10:27 AMT
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից սահմանին և շփման գծում իրավիճակի լարմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ:

Զոհրաբ ՄնացականյանըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպել է սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:

ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտել է, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպման նախօրեին։

Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտգործնախարարների հանդիպման, այնպես էլ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա այլ քայլերի շուրջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Մաթևոսյանը մահացել է:

Ավելի վաղ հակառակորդը գնդակոծել էր Տավուշի սահմանային բնակավայրերը: