26 սեպտեմբերի 2018 - 15:17 AMT
ԱԳՆ խոսնակ. ՀՀ-ում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան

Հայաստանում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով այն քննադատություններին ու մեկնաբանություններին, որ ռուս փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել ամերիկյան լաբորատորիաներ։

«Դրանք բացարձակապես Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիները»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիա՝ սկսած 2017 թվականից։ «Դա բավականին բնական է երկու դաշնակից երկրների համար»,-ասել է նա։

Ռուսական «Կոմերսանտն» ավելի վաղ գրել էր, որ Մոսկվան բանակցում է Երևանի հետ մի փաստաթղթի շուրջ, որը կարգելի ՀՀ-ում գտնվող կենսաբանական ռեդեֆերենս-լաբորատորիաների օգտագործումը երրորդ երկրների կողմից։ «Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա, օրինակ, ամերիկացի փորձագետները չեն կարողանա մուտք գործել լաբորատորիաներ»,-գրել էր թերթը:

«Կոմերսանտին» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:«Այդ հիմնարկները ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են: Հայաստանը պատրաստ է համագործակցության: Ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա: Այդ լաբորատորիաները շատ բարձր որակի են»,-ասել էր կառավարության ղեկավարը։

Նշված լաբորատորիաները բացվել են 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ։ Դրանք գործում են Երևանում, Գյումրիում և Իջևանում: