28 մայիսի 2008 - 15:11 AMT
Սլովակիայում Հայոց ցեղասպանության ժխտումը կպատժվի հինգ տարվա ազատազրկմամբ
Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը կընդունվի Սլովակիայի խորհրդարանում մինչեւ 2008 թվականի ավարտը եւ ուժի մեջ կմտնի 2009 թվականի հունվար-փետրվարին, ասել է արդարադատության նախարար, փոխվարչապետ Ստեֆան Խարապինը: «Սլովակիայում, որի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին, գործում էր քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը հրեաների Հոլոքոսթի ժխտման համար: Ուղղումներով մենք ընդլայնում ենք օրենքի շրջանակները եւ տարածում ենք այն բոլոր ցեղասպանությունների եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության վրա»,-ասել է Խարապինը Մոսկվայում:

Ինչպես տեղեկացրել է Ս.Խարապինը, ըստ օրինագծի, Սլովակիայի ցանկացած քաղաքացի կամ օտարերկրացի, որ թույլ կտա իրեն ժխտել Հայոց ցեղասպանությունը Սլովակիայի տարածքում կամ դրանից դուրս, կարող է դատապարտվել հինգ տարվա ազատազրկման:

Ըստ Խարապինի, օրինագծի նախաբանում, որն այժմ քննարկման է ներկայացված երկրի կառավարությանը, հատկապես ընդգծվում է Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն տեղ է զբաղեցնում մյուս ցեղասպանությունների ֆոնի վրա»,-հայտարարել է Սլովակիայի արդարադատության նախարարը:

Խարապինը նշել է, որ մինչ օրս ոչ մի դիտողություն օրենքի տեքստի վերաբերյալ չի ստացվել: Նա հայտարարել է, որ տվյալ օրինագիծը կարեւորագույններից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրի համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: