26 սեպտեմբերի 2018 - 15:40 AMT
ՀՀ նախագահն ու Dassault ընկերության ղեկավարը կոնկրետ ծրագրի մասին են պայմանավորվել

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։

Հանրապետության նախագահը հանդիպել է հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի ( այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet և Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint և Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։