28 մայիսի 2008 - 15:30 AMT
Տիգրան Սարգսյան. Ժողովրդավարության եւ բարեփոխումների ուղին մեզ տանելու է դեպի մեր նախնիների երազած հայրենիքը
Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասված է.«Սիրելի հայրենակիցներ, 90 տարի առաջ մեր ժողովուրդը, դեռ ամբողջովին չթոթափած ցեղասպանության դաժան ապրումները, գերագույն լարումով կարողացավ համախմբել իր ջլատված ուժերն ու հաղթել Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Ապարանի գոյամարտերում` շնորհիվ ազատատենչ ոգու, պետականության վերականգնումի անկոտրում կամքի: Հայաստանի առաջին Հանրապետությունը, թեեւ ընդամենը երեք տարվա կյանք ունեցավ, սակայն մեր ժողովրդին տվեց այն հզոր հոգեւոր լիցքը, որի շնորհիվ 20-րդ դարավերջին ոչ միայն կրկին վերականգնվեց մեր պետականությունը, այլեւ ազատագրվեց Արցախը:

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առիթով` վստահ, որ այլեւս անշրջելի են մեր ձեռքբերումները, եւ ժողովրդավարության ու բարեփոխումների ճանապարհն այլընտրանք չունեցող այն ուղին է, որ մեզ տանելու է դեպի մեր նախնիների երազած հայրենիքը»: