27 սեպտեմբերի 2018 - 10:31 AMT
Անն Իդալգո. Թումոյի միջոցով Փարիզի երիտասարադներին տալիս ենք ապագան կերտելու բոլոր գործիքները

Սեպտեմբերի 26-ին իր դռներն է բացել Թումոյի առաջին միջազգային կենտրոնը` Թումո Փարիզը: Կենտրոնի 1500 ուսանողների կեսը Թումո Փարիզի կրթական ծրագիրը սկսում են այս տարի, իսկ ուսանողների մյուսը կեսը կենտրոն կհաճախի հունվար ամսից:

«Մենք ճանաչեցինք Հայաստանը` որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր: Թումոյի միջոցով մենք Փարիզի երիտասարադներին տրամադրում ենք ապագայի աշխարհը կերտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները»,- նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որն այցելել է կենտրոն` Թումոյի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ:

Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, և նրանց մոտ 40 տոկոսը աղջիկներ են:

Թումո Փարիզը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2016 թվականին, երբ Թումո Երևան իր այցի ժամանակ Իդալգոն և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բազմաթիվ աշխատանքային այցերից, ծրագիրը ֆրանսերենին ադապտացնելուց և բոլոր հարմարությունները ապահովելուց հետո Թումո Փարիզն արդեն լիովին պատրաստ է մեկնարկին: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երևան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։