27 սեպտեմբերի 2018 - 11:32 AMT
Գաղտնալսման գործով հարցաքննվել են դատավորը, ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ինչպես նաև՝ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը։

«Հաստատում եմ, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով դատավորը, ինչպես նաև ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը հարցաքննվել են»,-ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ ելնելով քննության շահերից՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։

«Հարցաքննությունները տեղի են ունեցել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով», - ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը քննելու համար ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հարցաքննության կհրավիրեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը ու նաև վարչապետը, ասել է. «Տրամաբանական է, որ առնվազն այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»: